Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Ջրի երես ելած գործոններ ու ոչ միայն

Ջրի երես ելած գործոններ ու ոչ միայն
23.10.2015 | 10:56

Երեքշաբթի-չորեքշաբթի, առանց չափազանցության, իհարկե, փոքրիկ նրբություններով, վերջին հույսի խաղեր ունեցան «Արսենալը», «Գալաթասարայը», ինչ-որ առումներով ներքին առաջնությունների զոհ դարձան «Մանչեստր Յունայթեդը», «Յուվենտուսը», «Շախտյորը», իսկ այն, ինչ կատարվեց «Բայեր»-«Ռոմա» դիմակայությունում, անհավանականության ոլորտից էր:

A ԽՈՒՄԲ
Առաջատարների՝ վեցական միավոր ունեցող Մադրիդի «Ռեալի» ու «Պարի Սեն Ժերմենի» հանդիպումը տհաճորեն անատամ ստացվեց, դիտելու առումով՝ անհրապույր, արդյունքն էլ եղավ գոլազուրկ ոչ-ոքին: Իհարկե, սպասվում էր, թե իր ապագա ակումբի հետ խաղում ինչ խաղ ցույց կտա Ռոնալդուն ¥պորտուգալացու ՊՍԺ տեղափոխվելու մասին զրույցները գնալով ավելի ու ավելի համառ հաստատումներ են ստանում¤: Դե ինչ, բռնկում սպասենք չորրորդ տուրից, որովհետև փարիզցիների հետ խաղում իսպանացի երկրպագուն հեշտությամբ կուլ չի տա «արքայականի» երկրորդ ոչ-ոքին, ինչպես նաև Ռոնալդուի չափազանց ներողամիտ խաղը: Այնպես որ Բենիտեսը, ումից դժգոհություններն ահագնանում են, լրջորեն մտածելու բան ունի:
Ի սկզբանե էլ պարզ էր, որ այս խմբում ինտրիգը կարող է լինել այն, թե «Շախտյոր»-«Մալմյո» զույգից ո՞րն է հայտնվելու երրորդ տեղում: Ներքին առաջնությունում Կիևի «Դինամոյի» հետ հաղթական, սակայն էներգատար խաղն այնքան էր ուժազրկել «Շախտյորին», որ սկզբունքորեն ոչնչով չկարողացավ հակակշռել շվեդական «Մալմյոյին»: Վերջինս կարող էր հաղթանակի թվային արտահայտության մեջ ավելի տպավորիչ լինել, սակայն չիրացրած տասնմեկմետրանոցն անփոփոխ թողեց լուսատախտակի վրա գրանցված հաշիվը՝ 0:1:

B ԽՈՒՄԲ
Երկու տուրից հետո խումբը ներկայացնող թիմերի ունեցած հավասար՝ երեքական միավորի պատկերը, բնականաբար, պիտի խմբագրումների ենթարկվեր ու միակ հարցն այն էր, թե հատկապես որ թիմն է խիզախելու: «Մանչեստր Յունայթեդի» հետ խաղում ԲԿՄԱ-ն միանգամայն իրավունք ուներ հաղթանակ ակնկալելու, հաշվի առնելով, որ, ռեալ հաշվարկելով բոլոր թեր ու դեմ կողմերը, ընթացիկ մրցաշրջանում Լուի վան Գալը բոլոր դեպքերում ավելի խոշոր խաղադրույքներ է անում պրեմիեր լիգայի, քան Չեմպիոնների լիգայի վրա: Բացի այդ, չմոռանանք, որ մերսիսայդցիները հոգնատանջ հանդիպում էին ունեցել պրեմիեր լիգայի վերջին խաղում: Չերկարացնենք՝ բանակայինների վաստակած մեկ միավորն ավելի շուտ կորուստ էր, քան ձեռք բերում: Խաղն ավարտվել է 1:1: Այստեղ վեց միավորով առաջատար դարձավ «Վոլֆսբուրգը», որին չի կարող չգոհացնել «Էյնդհովենի» նկատմամբ տոնած հաղթանակը՝ 2:0:

C ԽՈՒՄԲ
«Գալաթասարայ»-«Բենֆիկա» դիմակայությունում հարցը դրված էր այսպես՝ կա՛մ թուրքերը կհաղթեն պորտուգալական «արծիվներին» ու կշարունակեն մնալ երկրորդ հորիզոնականում հայտնվելու երջանիկ փնտրտուքների մեջ, կա՛մ վերջնականապես կկորցնեն ամեն ինչ: ՈՒ քանի որ թուրքերը չեն տառապում «հայի բախտ» կոչվածից, կարողացան փրկել խաղը, թեև պարտվում էին 0։1 հաշվով՝ 2:1:
Ղազախական «Աստանայի» նկատմամբ «Աթլետիկոյի» հաղթանակին թերևս միայն երջանիկ անգիտության մեջ եղածը կարող էր կասկածել, քանզի մրցակիցներն ակնհայտորեն տարբեր քաշային կարգի են: Իրենց պոտենցիալ պարտությունը (0:4) հյուրերը խորացրին նաև նրանով, որ Մադրիդ էին ժամանել առանց հիմնական կազմի վեց խաղացողի՝ ակնհայտորեն նկատի ունենալով հանդիպման թե՛ անհույս հեռանկարը, թե՛ ներքին առաջնությունում «Կայրաթի» հետ սպասվելիք դիմակայությունը, իսկ այստեղ իսկապես կենաց-մահու պայքար է ծավալվել երկրի չեմպիոնության համար: Այս հաղթանակից հետո «Աթլետիկոն» հավասարվեց «Բենֆիկային», որը մնաց ունեցած վեց միավորով:

D ԽՈՒՄԲ
Վերջին տրանսֆերային պատուհանում խելահեղ գնումներով առանձնացած «Մանչեստր Սիթին» վերջին վայրկյաններին միայն հաղթանակ կորզեց «Սևիլիայից» (2:1), իսկ ներքին առաջնության վերջին՝ «Ինտերի» հետ խաղում ահռելի էներգիա կորցրած «Յուվենտուսը» Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ գոհացավ գոլազուրկ ոչ-ոքիով: Առաջին երկու տեղերի համար այս խմբում հարցականների պակաս չկա, ու դեռ ոչինչ չի նշանակում, որ «Ծեր սինյորան» ունի յոթ, «Սիթին»՝ վեց, «Սևիլիան»՝ երեք միավոր: Իսկ եթե կուզեք ճիշտը իմանալ, այս եռյակից առավել նախընտրելի է «Յուվենտուսի» ու «Սևիլիայի» վիճակը, որոնք ներքին առաջնությունում խայտառակ վատ են հանդես գալիս ու դեմք փրկելու միակ հնարավորությունը մնում է Չեմպիոնների լիգայում ինչ-որ բանի հասնելը, մինչդեռ մանչեստրցիները ձախողվելու դեպքում կարող են հղում անել պրեմիեր լիգայի ոսկուն նախապատվություն տալու գործոնին:

E ԽՈՒՄԲ
ԲԱՏԷ-ի հետ խաղում «Բարսելոնը» պիտի որ խնդիրներ չունենար ու չունեցավ էլ: «Կապտանռնագույնների» բելառուսական վոյաժը թեթև ստացվեց, ու կատալոնցիները յոթ միավորով միանձնյա գլխավորում են խմբային աղյուսակը: Փոխարենը արյունառատ եղավ «Բայեր»-«Ռոմա» հանդիպումը, ու դժվար է անգամ հիշել, թե Չեմպիոնների լիգայում նման բան երբևէ եղե՞լ է, թե՞ ոչ: Գերմանացիները խաղը սկսեցին ինտենսիվ ու հաղթում էին 2:0 հաշվով: Հանդիպման հետագա ընթացքից միանշանակ եզրակացություն կարելի է անել, որ, համոզված լինելով հաղթանակի մեջ, «Բայերը», բառի փոխաբերական իմաստով, հեռացավ խաղադաշտից, ինչից օգտվեցին իտալացիները՝ չորս անգամ գրավելով մրցակցի «դատարկ» դարպասը: 2:4 հաշվի պայմաններում գերմանացիները, դարձյալ բառի փոխաբերական իմաստով, խաղադաշտ վերադարձան, վերականգնեցին հաշիվն ու անգամ մոտ էին հաղթանակին, պարզապես բախտը ժպտաց իտալական «գայլերին»: Ահա նման ֆանտաստիկ ելքով հանդիպում եղավ Լևերկուզենում, ու չափազանց դժվար է ասել, թե նրանցից ով է տիրանալու խմբային բաղձալի երկրորդ ուղեգրին, թեպետ այս պահի դրությամբ գերմանացիները չորս միավորով երկրորդ հորիզոնականում են, իսկ իտալացիները երկու միավորով եզրափակում են աղյուսակը:

F ԽՈՒՄԲ
Երկու խաղից հետո երկու պարտություն ունեցող «Արսենալի» վիճակն ավելի քան անհուսալի էր, մանավանդ որ նրան հյուր էր գնացել խմբայինը վեց միավորով գլխավորող ամենազոր «Բավարիան»: Անհուսալին՝ անհուսալի, բայց Արսեն Վենգերի սաներն արեցին դժվար հնարավորն ու գերմանացիներին տուն ուղարկեցին պարտության մատնած՝ 2:0: Զագրեբի «Դինամո»-«Օլիմպիակոս» դիմակայությունում հույներն ավելի հաջողակ եղան՝ 1:0, ու վեց միավորով երկրորդ հորիզոնականում են: Եթե առաջիկա «Օլիմպիակոս»-«Դինամո» խաղում հույները նյարդերի հետ կապված խնդիրներ չունենան, ավելի քան ռեալ շանսեր կունենան խմբայինը երկրորդ տեղով ավարտելու հարցում, քանի որ անհնար է հավատալ, թե «Բավարիան» «Արսենալի» հետ սպասվելիք խաղում դարձյալ բարեհամբույր կլինի, իսկ որ այդ հանդիպումը բոլոր առումներով գերլարված կլինի, վայրկյան իսկ չկասկածեք: Այնպես որ, նախապատրաստվեք նորօրյա Ստալինգրադի ճակատամարտի:

G ԽՈՒՄԲ
Տանը «Մակկաբիի» նկատմամբ տոնած հաղթանակը (2:0) «Պորտուին» դարձրեց յոթ միավորի տեր՝ ապահովելով միանձնյա առաջատարություն: Այստեղ, թերևս, առավել մեծ լարվածությամբ էր սպասվում, թե ինչպիսի ավարտ կունենա Կիևի «Դինամո»-«Չելսի» մրցակցությունը: ՈՒկրաինացիները չզիջեցին, բայց չկարողացան Մոուրինյոյի սաների նկատմամբ առավելության հասնել: Արդյունքում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: «Չելսին» չորս միավորով երրորդ հորիզոնականում է ու կիևցիներից հետ է մեկ միավորով:

H ԽՈՒՄԲ
«Զենիթը» շարունակում է խիզախել՝ մնալով միակ թիմը, որը բացառապես հաղթանակ է տոնել բոլոր խաղերում: Նրա հերթական զոհը դարձավ ֆրանսիական «Լիոնը»՝ 3:1: Այստեղ երկրորդն իսպանական «Վալենսիան» է, որը, 2:1 հաշվով «Գենտին» հաղթելուց հետո, ունի վեց միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 633

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ